ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ռուսաստանն անցավ «բլիթային» բազմաբևեռ քաղաքականության

Ռուսաստանն անցավ «բլիթային» բազմաբևեռ քաղաքականության
28.04.2009 | 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՄԵԶԱՆՈՎ
Անկեղծ լինենք. մեկ շաբաթվա կտրվածքով այսքան «պատմական իրադարձություններ» երբեք միմյանց չէին հաջորդել: Նշանակում է` ինչ-որ բան այն չէ: Փորձենք հասկանալ` այն է, թե չէ:
ԲԱՅԴԵՆ, «ԼՅԱ՞Ն» ԻՆՉԻԴ ԷՐ ՊԵՏՔ
Ինչո՞ւ վերջին շրջանում ամերիկյան պետդեպի տիկինն ու Սպիտակ տան փոխնախագահը հանգիստ չէին տալիս Հայաստանի նախագահին։ Առավոտ կանուխ արթնանում և առաջին գործը, որ անում էին, Սերժ Սարգսյանին զանգելն էր:
Բարաք Օբաման ապրիլի 24-ին անցնելու էր պաշտոնավարման առաջին ամենամեծ փորձությունը, ու եթե այն «կուտ գնար», և Օբաման չկատարեր իր նախընտրական խոստումը (անկախ նրանից` դա տվել էր հայերին, թե մեկ ուրիշին), հիմնահատակ ավերելու էր ամերիկյան նոր երազանքը, որ հասակ էր առնում Գուանտանամոյի բանտերի ազատականացման և Իրանի հետ սպասվելիք երկխոսության ֆոնին, որովհետև պարզվելու էր, որ սևամորթ աֆրոամերիկացին երազանքի այն տղան չէ, որին աշխարհն ու Ամերիկան սպասում և հետը հույսեր են կապում: ՈՒ չէր բացառվում, որ բոլորը մտածեին` տնտեսական ճգնաժամին, Մերձավոր Արևելքին և «հարակից» այլ խնդիրներին նույնպես նման «անխոստում» ճակատագիր է սպա-սվում:
Փաստորեն, որքան էլ տարօրինակ, Սերժ Ազատի Սարգսյանը, «ստորագրելով» հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը», փրկօղակ նետեց Օբամային` երգով նահանջի համար:
Չքննարկենք հարցը` «Մեծ եղեռն» բառ-եզրույթը համարժե՞ք է հոլոքոստին, թե ոչ, այսօր այդ հարցը մեր հետաքրքություններից դուրս է, բայց, փաստորեն, ինչ-որ հիմք դրանով դրվում է, իսկ որ Օբաման կարողացավ ստորագրված փաստաթղթով իր մունդիրը փրկել, դա ևս միանշանակ է:
ՈՒ Բայդենն անպայման պետք է զանգեր «դարագոյ ի լյուբիմիյ» Սերժ Ազատովիչին, ասելու` հիացած եմ Ձեզնով, տպավորված, կաջակցեմ:
«Կաջակցեմ» եզրույթին նույնպես երբևէ կանդրադառնանք, սակայն պարզվում է` պարոն Բայդենը բավականին անհամբեր մարդ է: Համարյա` հայ: Ի՞նչ կարիք կար զանգելու Սերժ Սարգսյանին հենց ինքնաթիռում, Մոսկովից վերադառնալու ճանապարհին: Կգար տուն, ձեռները կլվար, մի կտոր հաց կուտեր... Բայց` չէ։ Մեծ դիվանագիտության մեջ մանրուքներ չկան, և պետք էր ի սփյուռս աշխարհի ասել հարկավորը և` հիմա: Ասվեց:
Ասվածի արդյունքում կարելի՞ էր կարծել, թե Սերժ Սարգսյանը, ով մի ժամանակ, կրեմլյան փորձագետների գնահատմամբ (մինչ նախագահական ընտրություններ), «յոթ մղոնանոց քայլերով» գնում էր դեպ ՆԱՏՕ, ինչ է, թե` Իրաք հայկական մի հիսուն հոգանոց հումանիտար զորամիավորում էր ուղարկել, էլի վերադարձել է իր «վատ սովորությանը»: Դեռ «կկարծենք»:
Այժմ մի քիչ էլ հաշվենք հայ-թուրքական իրո՛ք անսպասելի «ճանապարհային» փաստաթղթի «պրելեստները»:
Փաստորեն, Մոսկվա մեկնելուց ժամեր առաջ, Սերժ Սարգսյանի կաբինետի ԱԳ նախարարը Շվեյցարիայում ստորագրում է մի փաստաթուղթ, որը հիացնում է ամերիկյան կողմին:
Հետաքրքի՞ր քայլ է: Հետաքրքի՜ր: Նախ` այն առումով, որ պետք է մեկընդմիշտ ամրագրել. «որպես իրավական թուղթ» այդ «քարտեզը» չունի ոչ մի կիրառական նշանակություն, ողջը կառուցված է, չասենք` իմիտացիայի, այլ առավել` «հոգեբանական» ֆրագմենտի վրա: Եվ ապա հավելենք, որ, ի վերջո, ամեն րոպե կարելի է «դուրս գալ» այդ փաստաթղթից, հայ-թուրքական բանակցությունների ցանկացած ձևաչափից, ինչի մասին, ի դեպ, իր վերջին ասուլիսում Սերժ Սարգսյանը հարյուր անգամ ասաց (այո, նա քանիցս «լսեցրեց» այդ մասին ասուլիսավորներիս, իսկ մենք «հոգնելով» մտածում էինք` Աստված իմ, որքան կարելի է, դու մի ասա` էն էլ ոնց է կարելի): Քարտեզի «ստորագրումը» հետաքրքիր էր նաև նրանով, որ գաղտնիք չէր. Ռուսաստանն անչափ շատ է ցանկանում Ադրբեջանը բերել իր ազդեցության դաշտ, և խնդիրն այս պարագայում նույնիսկ գազին և Ադրբեջանին տրվելիք 575 մլն դոլար արժողությամբ զենքին չի վերաբերում:
Գերտերությունների այս պայքարում, երբ Ռուսաստանը հայտնվել է տնտեսական հզոր կոլապսի մեջ, և «վայրկյանների» ընթացքում հնարավոր է պարոն Բժեզինսկու «խոստումն» իրականանա` Ռուսիան իր գուբերնիաներով փլուզվի, Ռուսաստանը պետք է փորձի հնարավորություն չտալ, որ ԱՄՆ-ը պստիկ ոտնատեղ իսկ անի Հարավային Կովկասում, հարցեր լուծի, լինի` հայ-թուրքական, վրացական, թե... Իսկ Ադրբեջանին «ունենալ» Ռուսաստանը կարող է լոկ Հայաստանի, առավել ստույգ` Ղարաբաղի միջոցով, է՛լ առավել ստույգ, ինչպես Ալիևը բարձրաձայնեց Մոսկվայում, յոթ (վե՜ց) շրջանների վերադարձի (Լաչինը մեծահոգաբար Ռուսաստանն ու Ադրբեջանը «թողնում» են Հայաստանին` որպես միջանցք) միջոցով: Փաստորեն, հայ-թուրքական ճանապարհային քարտեզը, ուր արտահայտված է թե՛ Հայաստանի, թե՛ գերտերություն ԱՄՆ-ի (այդ թվում և` պարոն Բայդենի, ինչպես նաև մի շարք ամերիկյան քաղաքական գործիչների) հայտարարությունն առ այն, որ առանց նախապայմանների է ստորագրվել սույն «բարաթը», նույնպես ձեռնտու էր պարոն Սերժ Սարգսյանին, որովհետև պարոն Էրդողանի կոկորդը «մաշվեց», այնքան, որ նա հինգ վայրկյանը մեկ նախապայմանների մասին հայտարարություններ էր անում` ի սփյուռս աշխարհի։
Ասել է` Ռուսաստանը, որը նախորդ դարի 20-ականներին հասցրեց պայմանավորվել Հայաստանի հաշվին օսմանյան Թուրքիայի հետ, որևէ տեղ չունի գնալու, և որ «պայմանավորվողն» ու «պապան» ինքն է լինելու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների, այդ թվում և` իր ռազմաբազաները մինչև 2049 թիվը Հայաստանում տեղակայելու հարցում, մեր մեջ ասած, անակնկալի եկավ:
ՈՒ ստիպված էր Սերժ Սարգսյանի հետ գնալ «որսի»։
ՁՈՒԿ` ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ
Գլոբալացվող աշխարհը ոչ միայն արագացող վիբրացիաների ժամանակներում է ապրում, այլև խիստ սիմվոլիկայի, իսկ իրականում` էզոտերիայի (ինչը հատուկ է ոչ միայն «լոժային», այլև «սլուժբային» հավասարապես):
Այո, Սերժ Ազատիչը մի մե՜ծ ձուկ բռնեց ռուսաստանյան Զավիդովոյում (իսկ դուք ասում եք` չէ, սիմվոլիկա չկա, այնինչ, եթե բառը թարգմանենք, կունենանք` Խանդարանում, Նախանձարանում), ուր երկու երկրների նախագահները մեկ ամբողջ օր անցկացրին միասին, ու պարոն Մեդվեդևը հարկ համարեց նշել, որ Խանդարան-Նախանձարան-Զավիդովոյում ինքը միայն իր մոտիկներին է ընդունում։ Ի դեպ, ուղիղ չորս վայրկյան անց պարոն Մեդվեդևի կարթը նույնպես «կտցել» էր... ձուկ:
Բացատրենք. ձուկն առաջին դարում քրիստոնյաների, իմա` հրեաների համար նշան էր, որ իրենք հրեա են և Քրիստոսի հետևորդներ:
Դե, որ շա՜տ եք «խնդրում», բացատրենք, թե ինչ էր ասում մայր-Ռուսաստանը` «համապատասխաններին» Զավիդովոյում։ Ռուսաստանն ասաց` «էս ձուկը մենք տինք բռնել, էս մարդիկ մեզ տին հետևլի»: Ըսենց բաներ:
Չէ, մի քիչ էլ ձգենք պաուզան ու հենց այնպես նշենք. ա) այդ նույն «զավիդովյան» օրերին դադարել էր Հայաստանի գազամատակարարումը («սիմվոլիկաներն» էլ չենք բացատրելու, ժամանակ չունենք). բ) հաստատ ոչ «հենց այնպես», աշխատանքից ազատվել էր ԳՌՈՒ-ի շեֆ պարոն Կարաբելնիկովը (մեր լավատեղյակ-ռուսասերները պնդում են, թե նրանից շատ դժգոհ են եղել Կրեմլում, զի ԳՌՈՒ-ում «գործել» է հրեա-ամերիկյան թև. դե, որ կալի վրա ենք, ասենք, որ մեր «լավատեղյակները» նաև շատ դժգոհ են, որ էլի Հայաստան էին եկել «Գրանթ օրիենթ» մասոնական օթյակի ներկայացուցիչները ու քիչ չէ եկել էին, հետն էլ հեռուստաընկերություններից մեկով հարցազրույց էին տալիս. հիշում եք` նման մի «դեսանտ» էլ իջել էր 2008-ի նախագահական ընտրությունների շեմին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում` ժողովի), գ) հայ-թուրքական «ճանապարհային քարտեզին» դեռ ռուսական մամուլը շատ հիմնավոր կանդրադառնա, սակայն երկու անդրադարձի մենք էլ «անդրադառնանք»։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանը Սերժ Սարգսյանի Ռուսաստան այցից ժամեր առաջ «լիքը հետաքրքիր» բաներ էր ասել նրա կենսագրության մասին` չշրջանցելով կյանքի և ոչ մի դրվագ։ Բանասիրական ֆակուլտետ, այնտեղից` բանակ, հետո ՊԱԿ և այդպե՜ս շարունակ։ Ասել էր, թե Սարգսյանն իր «պաշտոնավարման» ընթացքում նպաստել է ԱՍԱԼԱ-ի «ոչնչացմանը» (կարո՞ղ ենք էստեղ դաշնակցականներին ուղղված մեսիջ տեսնել. ով` ոնց): Հաջորդ կարևոր հրապարակումը, թերևս, «Կոմերսանտինն» էր։ Հիշենք` «Կոմերսանտը» կրեմլյան «պաշտոնական» տեսակետներն արտահոսեցնող օրգան է, որը մոտավորապես ասում էր հետևյալը. մայիսին Էրդողանը կգա Մոսկվա, Ռուսաստանն ինչ-որ պետք է, իր հետ կպայմանավորվի, թող էդ Բայդենը ոչ անհանգստանա, ոչ տպավորվի, ոչ զանգի որևէ մեկին, որևէ մեկն էլ թող չոգևորվի։
Այո, Ռուսաստանը, որը ցայս մեր նկատմամբ կիրառել է մտրակի քաղաքականություն, նախորդ օրը ձկան տեսքով «բլիթային» բազմաբևեռ քաղաքականությանն անցավ, որովհետև ցանկանում է, որ ոչ թե մայիսի 7-ին Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև Պրահայում տեղի ունենալիք հանդիպումը (որի առնչությամբ միստր Բրայզան շատ մեծ ակնկալիքներ ունի), այլ Սանկտ Պետերբուրգում` հունիսին կայանալիք հանդիպումը դառնա վճռորոշ, որպեսզի Բայդենն ու մնացածները հասկանան, թե որտեղ են ձմեռում ռուսական խեցգետինները Հայաստանում, էլ առավել` Հարավային Կովկասում:
Իսկ որպեսզի խեցգետինները ձմեռեն, պետք է մի քանի «ֆլանգով» Հայաստան մտնել: Ինչպե՞ս իրեն կպահի ՀԱԿ-ը, դեռ հայտնի չէ: Փորձագետների մի մասը տեսակետ է հայտնում, թե քանի որ հայ-թուրքական հարաբերությունները միշտ էլ եղել են Տեր-Պետրոսյանի համար «քիրվայության» նոմինանտ, հնարավոր է` լոյալ, առավել ստույգ` «տեսանելի ապագայում» հրապարակվելիք փաստաթղթի բովանդակությունից բխող հայտարարություն անի, որն «ազգայնորեն» շատ կոշտ չի լինի: Ուրոիշներն էլ պնդում են, թե ՀԱԿ-ը շատ կոշտ հայտարարությամբ հանդես կգա:
Բոլոր դեպքերում, այս պահին, ոնց երևում է, մայր-Ռուսաստանին 2 (երկու) մահակ է պետք Սերժ Սարգսյանի գլխի վրա կախած պահելու համար` Սանկտ Պետերբուրգում հարկավոր էֆեկտը ստանալու նպատակով:
Բայց, դե, փորձված փորձագետների մեծ մասը համառորեն, գրազ գալու աստիճան պնդում է` ո՛չ սահմանը կբացվի, ո՛չ էլ Ղարաբաղի հարցով ստատուս-քվոն կշարժվի:
Բայց որ դաշնակցությունը վերջապես դուրս եկավ կոալիցիայից, դա արդեն կայացած փաստ է:
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ՛ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Շաբաթ օրը դաշնակցությունը, որպես կոալիցիա, վերջին անգամ հարսանիքի էր. ամուսնանում էր գյուղնախարար Արամայիս Գրիգորյանի դուստրը: Հարսանիքին զուգահեռ հանդիպել էին ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանն ու ազատորդի (ազատի որդի) Սերժ Ազատի Սարգսյանը, ու Սարգսյանն ասել էր դաշնակցությանը` ազատ եք, կարող եք դուրս գալ կոալիցիայից:
Սա ընդհանրապես շշկռացրել էր առանց այն էլ վիրավորված ՀՅԴ-ին, որին առանց տեղյակ պահելու էր ստորագրվել «ճանապարհային քարտեզը»:
Այսպիսով, ա) դաշնակցությունը վիրավորված էր, կրկնակի վիրավորված, այդ իսկ պատճառով նման որոշում կայացրեց. բ) տեղեկատվություն կար, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ, հարաբերությունների կարգավորմամբ վերջ է դրվում Հայ դատին, ինչն էլ նշանակում էր, որ տեղական դաշնակներն ու մնացյալները, այդ թվում և` ամերիկյան, այլևս զրկվում էին, ինչպես արտահայտվեց հայ փորձագետներից մեկը, հարատև ու ճոխ «կարմուշկայից». բ) նույն տեղեկատվության համաձայն` դրսի ՀՅԴ կառույցները, մասնավորապես իրանական, մերձռուսական և Ամերիկայի արևմտյան մասի, զգուշացրել են հայաստանյան իրենց «ընկերներին», թե ձեզ երկրի ներսում արհամարհում, բանի տեղ չեն դնում, դուք ոչ մի հարց չեք կարողանում լուծել, եթե դուրս չեկաք կոալիցիայից, մենք վերից վար կփոխենք բոլորիդ թե՛ ԳՄ-ում, թե՛ Բյուրոյում (մեր այս հարցին ի պատասխան` պարոն Արմեն Ռուստամյանը բավականին երկար «նոտացիա» կարդաց մեր գլխին առ այն, որ մենք լավ չենք ճանաչում դաշնակցությանը):
Բայց, մյուս կողմից էլ, կոալիցիայից դուրս գալու ՀՅԴ-ի այս քայլն անչափ ձեռնտու է Սերժ Սարգսյանին: Նա ձեռք է բերում դասական ընդդիմություն` քրեստոմատիկ առումով (ՀԱԿ-ը թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Ռուսաստանի, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների առումով բավականին նույնական է այսօրվա հռչակված արտաքաղաքական վեկտորների հետ), և ազգայնական այնպիսի ուժի առկայությունը, ինչպիսին ՀՅԴ-ն է, ուղղակի գտածո է Սերժ Սարգսյանի համար` վերջինիս հետ պայմանավորվելու, կանխելու ապագայում սպասվելիք բոլոր կարգի փաստաթղթերի քարտեզագրումը, ստորագրումը, ցույց տալու, որ իր երկրում լիքը ուժեր «չեն թողնում»` ինքն «էդ պարը պարի», գնա հարցերի լուծման:
Ժողովուրդ, երեկ, լսելով սիրելի Արմեն Ռուստամյանին, թե իրենք որքա՜ն կառուցողական ընդդիմություն են լինելու, որքա՜ն չքոչարյանական են իրենք, որքա՜ն փորձելու են օժանդակել այս իշխանություններին, որքա՜ն չհրաժարականների կողմնակիցն են, ամոթ չլինի ասելը, սրտներիս մեջ մի քիչ կասկած ընկավ. պայմանավորվա՞ծ են այս գետնին վրա խաղն առաջ տանում: Թե՞ դա արվում է, որպեսզի պարոն Սերժ Սարգսյանը շատ չջղայնանա, Արմենակ Մնջոյանին չասի` «նամակներ» գրի (հիշո՞ւմ եք, թե ինչ խայտառակ փաստեր էր վերջինս ասպարեզ բերում, երբ Ազատիչին պետք էր սանձել ՀՅԴ-ին), էլ չենք խոսում մնացածի մասին (հիշենք, որ դաշնակցական հայտնի գործիչները 98-ին բանտերից ազատվեցին ոչ թե արդարացման հիմքով, այլ իրադրության փոփոխության պատճառով)` իշխանավարության տարիներին անտառների և մնացածի «կերման փաստերի», հետևաբար` կոմպրոմատների, քրեական նոր գործեր հարուցի:
Հը՞, ժողովուրդ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2838

Մեկնաբանություններ